Խմելու ջրի հարցը հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում էր. այդ խնդիրը լուծվել է, և մենք կարողացել ենք ՔԿՀ-ում ապահովել 24-ժամյա ջրամատակարարում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս բարձրաձայնել է ՔԿՀ-ներում ջրի և գույքային ապահովմանն առնչվող հարցեր, ապա հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են իրականացվել այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ:
««Վանաձոր» ՔԿՀ-ում մեր կողմից կան պատվիրված փորձաքննություններ՝ ջրի որակի, պիտանելիության վերաբերյալ, որոնք վկայում են, որ ջուրը խմելու է, պիտանի է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցը կարելի է լուծված համարել:
Անդրադառնալով հանձնուքներում ջրի տարողությանը՝ հաշվել-չհաշվելուն, նախարարի տեղակալը նշեց, որ այս մասով մշակվում է նախագիծ, որի շնորհիվ կկարգավորվեն նաև այս խնդիրները, այն է՝ հանձնուքներ տալու ժամանակահատվածի հետ և վերջինիս կշռի հետ կապված:
Նախարարի տեղակալը խոսեց նաև ՔԿՀ-ները գույքով ապահովելու խնդրից՝ տեղեկացնելով, որ, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում արդեն իսկ շահագործվում է երկու նոր, ամբողջությամբ վերանորոգված մասնաշենք՝ կանանց տեղամաս, և վերասոցիալականցման մասնաշենք՝ ապահովված նոր գույքով և ազատազրկված կանանց հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:
«Այս տրամաբանությամբ մենք ներկայումս աշխատում ենք բոլոր ՔԿՀ-ների հետ, այսինքն՝ այն ՔԿՀ-ներում, որոնց կարողանում ենք անդրադառնալ և ինչ-որ չափով վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ամբողջությամբ գույքային տեսքը փոխվում է, նորացվում է»,- ասաց նա: