Խորհրդարանը քննարկում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը բխում է մասնավորապես բուսասանիտարիայի ոլորտում օրենսդրական բարեփոխումներից, քանի որ գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին:
««Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա որոշ բացերը, տարընկալումները լրացնելու և շտկելու նպատակով նախագծով առաջարկվել է լրացնել հասկացությունների հոդվածը, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջի մասով, տարանջատվել և արդիականացվել են պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հոդվածները՝ սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ՝ առանց կրկնակի փորձաքննությունների, ինչպես նաև նախատեսվում է Կառավարության կողմից դեպքերի սահմանում ԵՄ-ի և այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար»,- տեղեկացրեց Սարգսյանը:
Սահմանվել է օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների և քիմիկատների, ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համար տեղեկատվության պահանջի գրանցում, իսկ ընդհանուր գրանցման ընթացակարգով պահանջվելու է թունաբանահիգիենիկ փորձարկում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության կողմից:
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում, ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հարակից զեկուցող Արեն Մկրտչյանի խոսքով՝ նախագիծը միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների ագրոքիմիկատները, պեստիցիդները հայ գյուղատնտեսին ավելի դյուրին ճանապարհով հասցնելու մասին է: