Մենք զենք ունե՞նք արտադրած, հայկական զենք գոյություն ունի՞: Այո՛, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ, այո՛, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ, այո՛, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված նախագծերին:
Պատգամավորը հայտարարեց՝ ռազմական արդյունաբերությունը ՀՀ-ի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը, ապա անդրադարձավ ոլորտի թվային պատկերին:
«Եթե թվային պատկերով մոտավորապես ասեմ (դե, իհարկե, թվեր հնչեցնել չեմ կարող), հետևյալը կլինի. որ երկու տարի առաջվա համեմատ մենք ունենք մի քանի տասնյակ անգամ ավելի ուշադրություն այդ ոլորտին: Սա արտահայտվում է նաև ֆինանսական ռեսուրսների ուղղմամբ այս ոլորտ, և այս ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ մեծ թափ է ստացել և զարգանում է: Ունենք ՏՏ-ի հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, ինժեներներ, ունենք հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ուղղում են այս ուղղությամբ՝ իհարկե, նաև շահ ստանալու նպատակով:
Ռազմարդյունաբերությունը ՀՀ-ում մեծ թափով զարգանում է՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ հակառակը: Մենք հիմա պետք է այս ոլորտի հետ կապված քիչ խոսենք, բայց օրուգիշեր աշխատենք, ինչն անում ենք:
ՀՀ քաղաքացիները թող վստահ լինեն, որ կարճ ժամանակ հետո այդ արդյունքները նրանք տեսնելու են»,- ասաց պատգամավորը: