Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր առջև դրված բոլոր խոստումները և խնդիրները չենք կարողացել իրականացնել, ապա, բնականաբար, դրա համար մենք պետք է պահանջենք պատասխանատվություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք անելու նախաձեռնությանը:
«Ես պետք է լինեմ ժողովրդի ձայնը և ցանկացած խնդիր, որ քննարկվում է ժողովրդի մեջ, ցանկացած բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրացնեմ այս լծակներով»,- ասաց նա և հավելեց, որ միակ ոլորտը արդարադատությունը չէ, որտեղ խնդիր կա:
Ըստ Լուսինե Բադալյանի՝ Գրիգոր Մինասյանը թիրախ չէ, անձնական խնդիր էլ չկա, սա բոլոր կուտակված խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է:
«Ուզում եմ, որ Կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողությունը և վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, որպեսզի… այսինքն՝ որևէ բացթողում աչքից չի վրիպելու»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան՝ ստորագրահավաք նախաձեռնելու որոշումը համաձայնեցվե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Լուսինե Բադալյանն ասաց՝ չի համաձայնեցվել:
Հիշեցնենք, որ այսօր Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: