Խորհրդարանում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներկայացվածը բավական մեծ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է, որը միտված է ՆԳՆ համակարգում՝ թե՛ ոստիկանների և թե՛ փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը:
Սարգսյանը հիշեցրեց՝ ներկայումս նախարարության ենթակայության ներքո գործում է երկու ուսումնական հաստատություն՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երկու ուսումնական հաստատությունները տարբեր ձևաչափերով են ապահովում նախարարության մշակած քաղաքականությունը կրթական գործընթացի կազմակերպման տեսանկյունից, ՆԳՆ ձևավորման փաթեթի շրջանակներում ես նշել եմ՝ կարիք ունենք մեկ միասնական քաղաքականության իրականացման նաև կրթության ոլորտում, հետևապես այս երկու կրթահամալիրները պետք է միավորվեն, և առաջարկվում է նախարարության ենթակայության ներքո ձևավորել մեկ միասնական կրթահամալիր, որը կկարողանա մեկ կետից ապահովել միասնական քաղաքականություն՝ այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի կրթության կազմակերպման և կադրերի կազմակերպման մասով: Ըստ էության, կրթահամալիրը կլինի քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններին հարիր, շարքերը համալրող նոր կրթահամալիր, հետևապես ամբողջ վարչական հատվածը, նաև ղեկավար անձնակազմը կլինեն քաղաքացիական անձինք, որոնք կկարողանան ընդհանուր ազգային բարեփոխումների տրամաբանության մեջ իրականացնել կրթության կազմակերպման պրոցեսը»,- տեղեկացրեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ անցումային ժամանակահատվածում ՆԳ նախարարը մինչև 1 տարի ժամկետով կնշանակի ռեկտորի պաշտոնակատար:
«Ըստ էության, ներդնում ենք շարունակական կրթության համակարգը ոստիկանությունում և փրկարար ծառայությունում, որպեսզի ցանկացած տեղաշարժ համակարգում միշտ լինի որոշակի գիտելիքների և հմտությունների թարմացում: Հիմնական մուտքային բազային կուրս ենք նախատեսելու, որի արդյունքներով է բացառապես անձը հավակնելու՝ մուտք գործելու ոստիկանական և փրկարարական համակարգ: Որոշակի փոփոխություններ նաև առաջարկել ենք փրկարար ծառայության անցման տրամաբանության մեջ: Գիտեք, որ ներկայումս Փրկարար ծառայության մասին օրենքը նախատեսում է քաղաքացիական ծառայության մրցութային ձևաչափով ծառայության անցնելու կոմպոնենտ, բայց մենք առաջարկում ենք պարեկային ծառայության օրինակով նախատեսել նախնական կրթական խողովակի միջոցով փրկարար ծառայության անցնելու համակարգի ներդրում»,- տեղեկացրեց ՆԳ նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է պարեկների կրթությանը, պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ընդգծեց՝ ոչ թե կա կրթության բացակայություն, այլ կա հնգամսյա կուրսի կատարելագործման կարիք:
«Ամբողջ աշխարհը, երբ ոստիկանության ռեֆորմներով է անցնում, նույն Վրաստանը կամ Ուկրաինան, մեր երկրից նվազ ժամկետով են կիրառել այս կրթական պրոցեսը՝ երկու ամիս, երեք ամիս, ընդ որում՝ միջնակարգ կրթությունը շատ երկրների համար ընդունելի մոտեցում է, որովհետև կա մոտեցում առ այն, որ դպրոցն ավարտած անձը կարող է իրականացնել ոստիկանության տվյալ օղակին համապատասխան գործառույթները»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվող նախագիծը որևէ ձևով չի հակասում Ակադեմիական քաղաքի կոնցեպտին և չի հավակնում լինել մեկ կամ երկու տարվա փոփոխություն:
«Մենք ԿԳՄՍՆ-ի գործընկերների հետ պրոցեսը այնպես ենք գծագրել, որ այս միասնական կրթահամալիրը հետագայում կլինի մեկ միասնական սպայական համալսարանի մաս: Ձևաչափային առումով, բնականաբար, պետք է օրենսդրական լուծումների մասով նաև հենվենք Ազգային ժողովի աջակցության վրա, որովհետև կարիք կա առկա ձևաչափից մի փոքր տարբերվող լուծման: Ենթակառուցվածքի մասով ասեմ՝ այս ուսումնական հաստատությունը տեղ է գտնելու Ակադեմիական քաղաքում»,- նշեց Սարգսյանը: