ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Կառավարության 2 որոշում, որոնք սահմանում են քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և պետական մարմինների փոխգործակցության կարգը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը:
«Սա վերաբերում է արտաքին վթարային պլանին, և կարիք ունենք նոր ռազմավարական մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելու ենթաօրենսդրական դաշտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ նորմատիվ ակտեր ընդունելու լիզորությունը, պետք է օրենքով շատ հստակ լինի. կարիք ունենք Կառավարության համար լիազորող նորմեր նախատեսելու և երկու օրենքներով էլ առաջարկում ենք Կառավարության համար սահմանել լիազորություն՝ սահմանելու տվյալ կարգերը»,- ասաց նախարարի տեղակալը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ռիսկեր կան ՀԱԷԿ-ի հետ կապված: Արփինե Սարգսյանը նշեց, որ խոսքն այս դեպքում վերաբերում է արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկի կառավարման տրամաբանությանը:
«Հանրապետությունում ցանկացած օբյեկտ, հատկապես՝ հատուկ նշանակության օբյեկտները, որի շրջանակում է ՀԱԷԿ-ը, պետք է ունենա հստակ պլան, որի դեպքում, եթե կա արտաքին վթարային իրավիճակ, պետք է գործընկերները շարժվեն ըստ այդ պլանի: Լիզազորող նորմը դրա շրջանակներում ենք նախատեսում, որպեսզի կարողանանք տվյալ իրավիճակներում հստակ դերաբաշխում ունենալ և հետագայում հնարավոր խնդիրներից կամ անորոշ կարգավորումներից խուսափել»,- ասաց Արփինե Սարգսյանը: