Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի շրջանակում կկայանա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը համաժողովի շրջանակում անցկացվող «Թվայնացումը պետք չէ կանգնեցնել. որտեղ ենք ստորակետ դնում» թեմայով նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, կարևորել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տիրույթում այնպիսի արդիական և կարևոր թեմաների քննարկումը, ինչպիսիք են թվայնացումը, կիբեռանվտանգությունը և ոչ միայն։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ արագ զարգացող թվային դարաշրջանում մեր տարածաշրջանը կանգնած է ճամփաբաժանին, և այս համաժողովի շրջանակներում կայացրած որոշումները կարող են սահմանել միլիոնավոր մարդկանց ապագան Եվրասիական տարածաշրջանում։
Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում անդրադարձել է թվային ինքնիշխանությանը, բայց և նշել թվայնացման ընդհանուր գործընթացների ընձեռած հնարավորությունները՝ տնտեսական աճի, արտադրողականության բարձրացման, մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարձրացման և կյանքի որակի բարելավման համատեքստում: Սակայն, չնայած այս ամենին, նշվել է, որ թվային տեխնոլոգիաները նաև մարտահրավերներ են ներառում՝ հատկապես կիբեռհարձակումներով, ապատեղեկատվության տարածմամբ, որոնց առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունները, և որոնց դիմակայելը, ապահով թվային տարածք ստեղծելը, միասնական ջանքեր է պահանջում։
Անդրադարձ է եղել բնակչության թվային գրագիտության և հմտությունների զարգացման կարևորությանը, թվային տեխնոլոգիաների կիրառությանը կենցաղում, տնտեսության տարբեր ոլորտներում։
Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասխաթ Օրազբեկը, Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ Ժումամուդուն Ժումալիևը, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հեռավար։
Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն: