Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին տեղեկացնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
«Քարտուղար Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն»,- ասված է հաղորդագրության մեջ: