ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23.31-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:
«Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Տիգրան Կ.-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել համաքաղաքացի 20-ամյա երիտասարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3:20-ին, նա ներկայացել է Տարոնի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել Տիգրան Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է նաև, որ դանակն այնուհետև նետել է Փամբակ գետը:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: