Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։ Բարձր գնահատելով ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել հանրային ներդրումների կառավարման համակարգին, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող բարեփոխումների հիմնական ուղղություններին։
Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի ընթացիկ ցուցանիշները՝ մանրամասն անդրադարձ կատարելով վերջիններիս իրականացման նպատակով 2025 թ․ պետական բյուջեի նախագծով սահմանված ծախսային հիմնական ուղղություններին։