Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի մերձեցմանն օգնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Այն փաստը, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անկասկած, դրական է։ Սակայն ես կասեի, որ այդ հայտարարություններից հետո վատ չէր լինի արդեն արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- նշել է պաշտոնյան։
Նա առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրի մշակումը։ Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի հաշտեցման համար։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ուշադրությունն էր հրավիրել «պատմական հաշտեցման»՝ Թբիլիսիի պատրաստակամության վրա և նշել, որ Ռուսաստանը ընդհանուր շահագրգռվածության դեպքում պատրաստ է օգնել կողմերին «չհարձակման մասին պայմանավորվածությունների ապահովման հարցում»: