Ապագա քրեական ոստիկանների կրթական գործընթացի ավարտական փուլն է։ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը, որին մասնակցում է 583 սովորող:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին ատեստավորման գործընթացին է հետևել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը հանձնաժողովների անդամների հետ զրուցել է ապագա ծառայողների առաջադիմության, մասնագիտական պատրաստվածության և գրանցած արդյունքների մասին։
Նա ատեստավորման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկության ու կրթական ծրագրի արդյունավետության մասին։
Ապագա քրեական ոստիկանների ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում նրանք կրթահամալիրում ձեռք բերած գիտելիքները քրեական հետախուզության ստորաբաժանումներում վերածել են գործնական հմտությունների։
Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ:
Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։