ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել հայ-իսպանական հարաբերություններում, ինչին նպաստել են նաև բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումները:
Տաթևիկ Գասպարյանը բարձր է գնահատել Քրիստինա Կոնեսա Սանչոյի` հատկապես Հայաստանի մարզերում երիտասարդական ծրագրերի իրականացման հարցում գործուն քայլերը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը` բարեկամական խմբի ղեկավարն արժևորել է այդ ձևաչափում Իսպանիայի հետ գործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորել է Հայաստան-ԵՄ խորացող գործընկերությունը: Քրիստինա Կոնեսա Սանչոն միջխորհրդարանական կապերի սերտացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել:
Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին` պատգամավորը կարևորել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ գործակցությունն իսպանացի գործընկերների հետ: Այս համատեքստում կողմերը քննարկել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: