Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:
Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում՝ մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ: Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդին պարեկները ներկայացրել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: