Նյու Յորքում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: ԶԼՄ-ների տվյալով՝ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Մոսկվայի, Կիևի, ինչպես նաև դեմոկրատների հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին: Նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինան անցնում է դժոխքի միջով: Թրամփը հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունում հաղթելու դեպքում մինչև իր երդմնակալությունը «լավ» և «արագ» լուծում կգտնի հակամարտության կողմերի համար։ Նա հերթական անգամ վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ: Զելենսկին համաձայնել է՝ պատերազմը պետք է ավարտվի, սակայն ոչ Պուտինի հաղթանակով: Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Թրամփի հետ կքննարկի «հաղթական ծրագրի» մանրամասները:
«Միայն ամերիկացիներն են որոշում՝ ով է դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը, սակայն արդեն հիմա կարևոր է քննարկել, թե ինչ է արվելու նոյեմբերի ընտրություններից հետո։ Ուստի ես որոշեցի հանդիպել երկու թեկնածուի հետ էլ»,- ասել է Զելենսկին։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։