Մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տեղի է ունենում Նյու Յորքում՝ ԱՄՆ նախկին նախագահին պատկանող «Թրամփ թաուեր» համալիրում։
Վերջին օրերին Թրամփը մի քանի անգամ թերահավատորեն է խոսել ՌԴ-ի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու նպատակահարմարության մասին: Թրամփը հանդիպումը սկսել է՝ ասելով, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա նաև ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ինչ-որ պահի ավարտվի, և ինքը կսկսի դրան հասնել, նույնիսկ նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը, եթե հաղթի նոյեմբերի ընտրությունում։
Թեև Թրամփը խոստացել է 24 ժամվա ընթացքում ավարտել պատերազմն Ուկրաինայում, նա հստակ չի բացատրել, թե ինչպես է մտադիր հասնել դրան։ Որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ մտավախություն ունեն, որ նա կփորձի համոզել Ուկրաինային տարածքային զիջումների գնալ Մոսկվային կամ սառեցնել հակամարտությունը։ Կիևում երկու տարբերակներն էլ բազմիցս անընդունելի են համարել։
Զելենսկին էլ ասել է, որ մտադիր է Թրամփին պատմել պատերազմում իր «Հաղթանակի ծրագրի» մասին, որը նա նախօրեին ներկայացրել է Ջո Բայդենին և նախագահի դեմոկրատ թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին։