Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Միջազգային տնտեսական զարգացման խորհրդի (IEDC) նախագահ և գործադիր տնօրեն Նաթան Օհլեի և Սմիթսոնյան ժողովրդական և մշակութային ժառանգության խորհրդատվական խորհրդի նախագահ Ջոզեֆ Կապի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին IEDC-ի կողմից Հայաստանին ռազմավարական տեխնիկական աջակցության և հետազոտական աջակցության հնարավոր տրամադրումը: Հայաստանի դեսպանատան և IEDC-ի միջև համագործակցությունը մեկնարկել է Ամերիկայի մրցունակության փոխանակման (ACE) Սիեթլում (2023) և Միչիգանում (2024) ծրագրերի ընթացքում: Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին առաջիկայում Հայաստանում կայանալիք ACE Armenia ծրագրի (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4) վերաբերյալ, ներառյալ՝ ծրագրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զբոսաշրջության, մշակութային և տնտեսական համագործակցության թեմաների շուրջ քննարկումներ ներառելու հնարավորությունը։
Միջազգային տնտեսական զարգացման խորհուրդը (IEDC) ավելի քան 4500 տնտեսական զարգացման մասնագետների/կազմակերպությունների անդամակցությամբ կազմակերպությունն է, այս առումով ամենախոշորն աշխարհում: Ավելի քան 35 տարի IEDC-ն տրամադրել է թիրախավորված լուծումներ համայնքների տնտեսական զարգացման ամենահրատապ մարտահրավերների համար: