ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող պնդմանը, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որն, իբրև թե, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ․ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ, սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել, բայց ուշադրություն դարձրեք՝ մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որը լուծում է այդ խնդիրը, և այն հետևյալն է․ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն համաձանագրի չկատարման համար, հետևաբար պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե Հայաստանի, թե Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ երբ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկվում է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը․ ՀՀ Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել։
«Ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պետք է այն ուղարկենք ՍԴ, որ վերջինս պարզի դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ այդ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որ սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար, իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի, այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք․ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, հետևաբար, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո, եթե նույնիսկ տեսականորեն լինեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություն պարունակող օրենքներ, դրանք ստորադաս կլինեն խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ։ Նույն տրամաբանությունը կգործի նաև Ադրբեջանի պարագայում»,- ասաց նա։
Դիմելով ներկաներին՝ ՀՀ վարչապետը շեշտեց՝ խաղաղությունն այնքան մոտ է, հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն։
«Դա հեշտ չէ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների։ Ցավը շատ խորն է և մեծ, բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդներին, այն կբացի մեր աչքերը, կփակի թշնամության աղբյուրները, բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա»,- ասաց նա։