ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, նշեց, որ այս ելույթը նախորդ երեքից տարբերվելու է․ նախորդների ուղերձը փակուղին էր։
«Այսօր ուզում եմ ասել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա․ բոլորովին վերջերս՝ 2024 թ․ օգոստոսի 30-ին, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սա առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է։ Դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին։ Ադրբեջանի նախագահը և ես բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է, այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար ՀՀ-ն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցված է, ստորագրել, ունենալ խաղաղության համաձայնագիր, ապա շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները, մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ չկա նախադեպ, երբ խաղաղության կամ որևէ այլ պայմանագիր կարգավորի ամեն ինչ, լուծի բոլոր հարցերը, դա հնարավոր էլ չէ գործնականում, ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր ստորագրելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով․ բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում, իսկ ՀՀ և Ադրբեջանի դեպքում համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, դրույթներ են պարունակում խաղաղության մասին, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չառաջադրելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։