ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը «վտանգավոր և անընդունելի» է անվանել տարածքները զիջելու` Կիևին ուղղված առաջարկները՝ հանուն Մոսկվայի հետ խաղաղության։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և արձագանքել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի կոչերին՝ ուղղված Ուկրաինային արագ համաձայնության հասնել պատերազմին վերջ տալու համար:
«Իմ երկրում կան մարդիկ, որոնք պատրաստ են ստիպել Ուկրաինային զիջել իր ինքնիշխան տարածքի զգալի մասը, ընդունել չեզոքություն և հրաժարվել մյուս երկրների հետ անվտանգության հարաբերություններից: Այդ առաջարկները համընկնում են Պուտինի առաջարկների հետ, և եկեք պարզ լինենք, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի առաջարկներ են, ինչը վտանգավոր է և անընդունելի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը հերքել է Հարիսի քննադատությունը և պնդել, որ ինքը միայն ցանկանում է դադարեցնել «սարսափելի շոուն, որը շարունակվում է»:
Հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է զիջի տարածքը, Թրամփը պատասխանել է, թե «տեսնենք, թե ինչ կլինի,մեզ խաղաղություն է պետք»։