The Wall Street Journal-ը (WSJ) և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել են, որ մայիսի վերջին-հունիսի սկզբին Չինաստանում նորագույն միջուկային սուզանավ է խորտակվել։ Դա տեղի է ունեցել Ուհան քաղաքի մերձակայքում գտնվող նավաշինարանում: Չինաստանի իշխանությունները փորձել են թաքցնել այդ փաստը։
Ըստ WSJ-ի և Reuters-ի՝ խորտակվել է Zhou դասի միջուկային հարվածային սուզանավը՝ իր տեսակի մեջ առաջինը: Վերջին անգամ այն տեսել են մայիսին Յանցզի գետի նավամատույցում, որտեղ սուզանավը սարքավորում էին ծով դուրս բերելու համար: Ըստ Planet Labs-ի արբանյակային պատկերների՝ հունիսի սկզբին խորտակման վայր են բերվել ամբարձիչներ՝ սուզանավը գետի հատակից բարձրացնելու:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք խորտակվելու պահին սուզանավում միջուկային վառելիք եղել է, թե՝ ոչ, չնայած WSJ-ի աղբյուրները դա չեն բացառել: Ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք միջադեպի հետևանքով կա՞ն զոհեր կամ տուժածներ: