Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։
Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, հետևաբար՝ ավելի ընդլայնելու իրենց գիտելիքները և հմտությունները արվեստի ոլորտում, զարգացնել գեղագիտական ճաշակը և վերլուծական կարողությունները։
Առցանց դասընթացների արդյունքում երեխաները կկարողանան յուրովի ներկայացնել և մեկնաբանել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, որն էլ հնարավորություն կընձեռի ցուցահանդեսի այցելուներին դիտարկելու արվեստագետներին երեխաների տեսանկյունից և իրենց մոտեցմամբ։ Ծրագրի շրջանակում երեխաները և պատանիները վիրտուալ ձևաչափով կծանոթանան Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, թանգարանին և թանգարանում առկա ցուցանմուշներին: Նրանք կենտրոնի կողմից առաջարկվող համապատասխան մասնագետների հետ առցանց դասընթացների միջոցով կծանոթանան նաև Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։
Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ՝
Առաջին փուլ՝ ԳՐԱՆՑՈՒՄ (13.09.2024 թ. – 30.09.2024 թ.)
Հայաստանի և սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով՝ https://forms.gle/eA92N32u6r7EH5Ba7:
Երկրորդ փուլ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ (01.10.2024 թ. – 10.10.2024 թ.)
Առցանց դասընթացների հոլովակները նախագծի ամբողջ ընթացքում հասանելի կլինեն Գեղագիտության ազգային կենտրոնի յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/@nca_armenia743:
Երրորդ փուլ՝ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ (11․10․2024 թ. – 10․11․2024 թ.)
Աշխատանքների ներկայացման չափորոշիչները՝
Ընդունվում են գեղանկարներ, ինչպես նաև կոլաժներ։
Չափ՝ Ա2, Ա3 տեխնիկա,
նյութեր՝ ջրաներկ, գուաշ, մարկեր, պաստել, մատիտ և այլն։
Նկարչական մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 8-18 տարեկան երեխաները և պատանիներն ամբողջ աշխարհից՝ Հայաստանի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։ Ընդունվում են բացառապես անհատական աշխատանքներ։
Չորրորդ փուլ՝ ԲՆՕՐԻՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ (10.11.2024 թ. – 10.12.2024 թ.)
Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Փոստային կնիքի ամսաթիվը պետք է դրված լինի 01.11.2024 թ. – 10.11.2024 թ. ժամանակահատվածում: Աշխատանքները կարելի է ներկայացնել նաև Գեղագիտության ազգային կենտրոնի գրասենյակ (հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 13)։
Հինգերորդ փուլ՝ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (10․12.2024 թ. – 20.12.2024 թ.)
Մասնագիտական հանձնաժողովի կողմից կընտրվեն ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները և մրցանակակիրները։ Մրցույթ-փառատոնում ընտրությունը կկատարվի երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկան և 13-18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցների համար կսահմանվեն 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականների մրցանակներ։
Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքները հունվարի 9-ին կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում՝ հատուկ ցուցահանդեսով։
Մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ հաղթողներին՝ նաև մրցանակներ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Գեղագիտության ազգային կենտրոն՝ զանգահարելով (+374 60) 833-383 կամ (+374 99) 527-114 հեռախոսահամարներով: