ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված Mining Armenia միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։
Նախարարը ողջունել է համաժողվի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է:
«Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այլ նաև կայուն, նորարար տեսլական ձևավորելու համար։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում»,- ընդգծել է Սանոսյանը։
Համաժողովի շրջանակներում քննարկվել են կայուն հանքարդյունաբերությամբ զբաղվելու մարտահրավերները, բնապահպանական ռիսկերն ու դրանց կառավարման միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումն ու հանքարդյունաբերության ապագան, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ոլորտի զարգացման տեսլականը։
Mining Armenia Forum-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն ՀՀ ՏԿԵ նախարարության, ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի միջև, որով կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: