Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձևավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն և դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և կից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նպատակն է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում: Փոխվում են վերջիններիս պատրաստման ու վերապատրաստման մեխանիզմները:
Նորաստեղծ կրթահամալիրի ռեկտորը չի հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, այլ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ է լինելու: Վերջինիս ընտրության բաց և թափանցիկ մրցույթ կանցկացվի, թեկնածուն կներկայացնի կրթահամալիրի զարգացման իր տեսլականը: Ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադիրի կողմից ընդունելի քաղաքականությանը:
Նախատեսվում է ներքին գործերի նախարարության ձևավորման ընդհանուր տրամաբանությանը համահունչ պահպանել բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք ծառայողները կունենան ոստիկանական կամ փրկարար ծառայությունից քաղաքացիական աշխատանք կատարողի անցման շրջանակում:
Կգործի ոստիկանների կրթական ապահովման դեպարտամենտ, փրկարար ծառայողների համար՝ ուսումնական դեպարտամենտ. սա կապահովի նախնականից մինչև բարձրագույն կրթության իրականացման շարունակական գործընթացը:
«Այս պահին ունենք խառը մոդելային կառուցվածք, ունենք քոլեջ, ակադեմիա, պատրաստում ենք իրավաբաններ, կառավարիչներ, բայց տրամաբանությունն այն է, որ նեղ մասնագիտացում ունեցող ՊՈԱԿ-ը պետք է սպասարկի ՆԳՆ կադրային կարիքը: Հետևապես, ընդունելով այն դրական ժառանգությունը, որը թողել են այս երկու կրթահամալիրներն իրենց գործունեության ընթացքում, չպետք է խոչընդոտներ ստեղծենք հետագա զարգացման համար և արդի պայմաններում կենտրոնանանք բացառապես ոստիկանների և փրկարար ծառայողների պատրաստման գործընթացի վրա»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել, որ մուտքը ոստիկանական համակարգ պետք է լինի բացառապես նախնական կրթական խողովակով անցնելու պայմաններում: Դա վերաբերելու է նաև առաջխաղացումների գործընթացին:
Յուրաքանչյուր ծառայողի մասով տարեկան վերապատրաստման հստակ պլան է լինելու: Պարտադիր վերապատրաստումների համակարգը 2025 թվականի հուլիսի մեկից կգործի քրեական ոստիկանների և պարեկային ծառայողների համար, իսկ մնացած ծառայողների համար՝ 2026 թվականից:
Պատգամավորները հետաքրքրվել են համակարգում կրճատումների հնարավորությամբ, ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարման ընթացքով, խոսել նախարարության առանձին կրթահամալիրի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ:
Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն աշխատանքային ձևաչափով համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովում, պատգամավորներին մտահոգող մի շարք խնդիրներ հաշվի են առնվել:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: