Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման և դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների գործելու և պետական մարմինների հետ փոխգործակցության կարգը: Կառավարության այս երկու որոշումները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Սահմանադրության համապատասխան նորմով, սակայն, Կառավարությունը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե լիազորված է դա անելու: Այստեղ խնդիր կա, քանի որ երկու որոշումներն էլ չունեն լիազորող նորմ, հետևաբար ցանկացած փոփոխություն պետք է արվի պատշաճ լիազորող նորմի առկայության պայմաններում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները:
Նրա խոսքով՝ նախատեսվում է այս երկու որոշումների համար նախատեսել համապատասխան օրենսդրական հենք, որը հնարավորություն կտա ՆԳ նախարարությանը պատշաճ վերլուծելու ոլորտում բնակչության պաշտպանության խնդիրներն ու հանդես գալու արդեն Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որով պայմանավորված էլ այս ոլորտը համալիր փոփոխությունների է ենթարկվում:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել, որից հետո հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: