Զելենսկուն ընդունել է նաև ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը հայտարարել է Կիևին ավելի քան 8 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթի մասին, որը, ի թիվս այլնի, ներառում է բարձր ճշգրտության ռումբեր:
Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մարտի դաշտում Ուկրաինայի դիրքերը պետք է ուժեղացվեն: Նրա խոսքով՝ հետագայում դա կամրապնդի Կիևի բանակցային դիրքերը:
«Կօգնենք Ուկրաինային նաև երկարաժամկետ հեռանկարում: Հարկավոր է աջակցել այդ երկրին Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման ոլորտում անցկացվող բարեփոխումների հարցում»,- մանրամասնել է Բայդենը: Նա եզրափակել է՝ Ռուսաստանը չի հաղթելու պատերազմում:
Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին աջակցության համար: «Ձեր վճռականությունն էական դեր ունի մեր հաղթանակի համար: Շատ կարևոր է, որ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ապագայի մասով մեր տեսլականը համընկնի»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրակարգում է հաղթանակի ծրագիրը, որի շուրջ, ինչպես ակնկալվում է, աշխատելու են ամերիկյան և ուկրաինական թիմերը:
Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնելու սահմանափակումները հանելու հնարավորության շուրջ քննարկումների մասով տեղեկություններ չկան: Կիևն ակնկալում է, որ համապատասխան թույլտվություն կստանա Վաշինգտոնից, սակայն ամերիկյան կողմն այդ հարցում դեռ վստահ չէ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: