օՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած քննարկումներում և ծավալված համագործակցության մեջ։ Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին նախանշել են այն կոնկրետ ոլորտները, որտեղ կա համագործակցության հետագա զարգացման ներուժ և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով նպաստել դրա առավելագույն իրացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն իր եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները: