Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոց թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0,1702 հեկտար մակերեսով հողամասն օտարել աճուրդով: Ըստ հիմնավորման՝ գույքը կառուցված է եղել 1985 թ. և նախատեսված է եղել օգտագործել որպես բժշկական հաստատություն, սակայն ներկայումս տարածքը չի օգտագործվում։ Այն գտնվում է ներկայիս Աբովյանի բժշկական կենտրոնի ետնամասում։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 203 100 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով՝ 20 310 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղի 1-ին փողոց 13/6 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին գյուղի վարչական տարածքում կրթահամալիրի կառուցման նպատակով։