Չինաստանն ու Ուկրաինան կապված են ավանդական բարեկամությամբ, երկրներն արդեն վաղուց ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունեն՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ուկրաինացի գործընկեր Անդրիյ Սիբիհայի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ երկու երկրներն աստիճանաբար հաղթահարում են ուկրաինական ճգնաժամի հետևանքները և վերականգնում գործնական համագործակցությունը:
«Չինաստանը միշտ հանդես է եկել վեճերի խաղաղ կարգավորման և սուր հարցերը քաղաքական ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծելու օգտին։ Նույնը վերաբերում է ուկրաինական հարցին։ Մենք երբեք չենք մասնակցում աշխարհաքաղաքական խաղերին և անձնական շահ չենք հետապնդում»,- ընդգծել է դիվանագետը։
Վան Ին նաև նշել է, որ տարվա առաջին կիսամյակում առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 17 %-ով։ Նրա խոսքով՝ Պեկինը պատրաստ է աշխատել Կիևի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան պահպանելու համար: