ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ վերջ դնելու հարավային Լիբանանում իսրայելական ուժերի և «Հըզբոլլահի» զինյալների միջև աճող բռնությանը:
Նա նշել է, որ երկուշաբթին ամենաարյունալի օրն էր Լիբանանում:
Գուտերեշի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական ուժերը Լիբանանում հարվածել են «Հըզբոլլահի» մոտ 1600 թիրախի, «շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, մեծ է նաև վիրավորների թիվը»։ Նա նշել է, որ դիվանագիտական ջանքերն ակտիվացել են ժամանակավոր հրադադարի հասնելու համար, որը թույլ կտա մարդասիրական օգնություն տրամադրել և ճանապարհ հարթել ավելի երկարատև խաղաղության համար:
Լիբանանի Նախարարների խորհրդի նախագահն իր հերթին հայտարարել է, որ երկիրը բախվում է իր ինքնիշխանության և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման: «Իսրայելը պնդում է, որ իրենք թիրախավորում են միայն «Հըզբոլլահի» թիրախները, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Լիբանանի հիվանդանոցները լի են քաղաքացիական անձանցով, այդ թվում՝ տասնյակ կանանցով ու երեխաներով»։
Իսրայելի դեսպան Դենի Դանոնն հակադարձել է՝ նշելով, թե տարիներ շարունակ անհերքելի ապացույցներ են ներկայացրել «Հըզբոլլահի» ռազմական կուտակումների մասին, սակայն այդ նախազգուշացումներն անտեսվել են: Իր ելույթում նա մեղադրել է նաև Իրանին:
Իսլամական հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին էլ նշել է, որ Իսրայելի իրական նպատակն է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիան աջակցում է միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: