Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանում աննախադեպ տագնապալի է:
«Այժմ Իսրայելը կրկնում է իր հանցագործությունները Լիբանանում: Ահաբեկչական այս ռեժիմի համար միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և խաղաղությունը ոչինչ չեն նշանակում։ Իսրայելի վերջնական մտադրությունն ամբողջ տարածաշրջանը հրկիզելն է»,- հայտարարել է Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար։
«ԱՄՆ-ի և արևմտյան որոշ պետությունների անսասան աջակցությունը քաջալերել է Իսրայելին անպատիժ հանցագործություններ կատարել: Այս անպատժելիությունը, զուգորդված Անվտանգության խորհրդի անգործությամբ, տարածաշրջանը մղել է դեպի աղետ»,- հայտարարել է Իրանի գլխավոր դիվանագետը:
Նա նշել է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր հարձակումները Գազայի և Լիբանանի վրա:
«Եթե ոչ, ապա տարածաշրջանին սպառնում է լայնածավալ հակամարտություն: Իրանը ամուր կանգնած է Լիբանանի կառավարության և ժողովրդի կողքին. Իրանն արդեն ցուցաբերել է ահռելի համբերություն և զսպվածություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության»,- եզրափակել է իր խոսքը Իրանի արտգործնախարարը: