ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացմանը և դիմակայունության ամրապնդմանը
Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20․600․000 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։
«Նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում։
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառումը, որտեղ պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, «Ֆորդ հիմնադրամի» հետ համագործակցելով, մեկ հարկի տակ էին հավաքել գործընկեր պետությունների ղեկավարներին, բարեսիրական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննության առնելու աջակցության ավելացումը Հայաստանին և աշխարհի այլ երկրներին, որտեղ ժողովրդավարական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։
Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը հայտարարեցին կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։
Բացի դրանից՝ ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է նաև 600․000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության և դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։
Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։
Ժողովրդավարական զարգացումների ճանապարհին գտնվող այլ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին միջոցառմանը ներկա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց երկրի ժողովրդավարական առաջընթացը՝ ողջունելով նոր ներդրումներն ու համագործակցությունը ժողովրդավարական դիմակայունության մեծացման ուղղությամբ։
Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը դեռևս 2022թ․ մեկնարկեցին «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ձևավորել շահագրգիռ կողմերի ու գործընկերների միասնական հարթակ, որի միջոցով ռեսուրսներ կապահովվեն ժողովրդավարական վերելքի ճանապարհին գտնվող երկրներին՝ օգնելու երկրի քաղաքացիների համար շոշափելի ու տևական արդյունքների ապահովման հարցում։ Այս ռեսուրսները միտված են աջակցել կառավարության բարեփոխումներին և հանրային ծառայությունների բարելավմանը՝ առաջնահերթ դիտարկելով քաղաքացիների կարիքներին արձագանքելու հարցերը և թափանցիկության ու հաշվետվողականության մեծացումը։
«Հուլիսին ես Երևանում էի այս նշանակալի առաջընթացի և հետագա զարգացումների ուղղությամբ հայ ժողովրդի կողմից իրականացվող աշխատանքն անձամբ տեսնելու համար։ Իսկ այժմ, գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը, աշխատելով Կոնգրեսի հետ, Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն ԱՄՆ դոլար՝ կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և դիմակայունության ամրապնդման նպատակով», - իր ողջույնի խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը։
Շարունակելով «Հանուն ժողովրդավարության» վեհաժողովի գործընթացից սկիզբ առած դրական շարժընթացը և հետամուտ լինելով «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության նախորդ հանդիպումներում առաջ քաշված թեզերին՝ այս հավաքի ընթացքում կրկին ընդգծվեց ԱՄՆ հանձնառությունը ժողովրդավար պետությունների այս հարթակը պահպանելու հարցում, որը թույլ կտա համախմբել ջանքերն ու շարունակաբար միջոցներ ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները և արժանապատվությունը յուրաքանչյուր համար։
Միասին մենք կապացուցենք, որ ժողովրդավարությունը կարող է հաղթել ու դրական արդյունքներ ապահովել յուրաքանչյուր անձի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։