Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտ տալու նպատակով ՀՀ դեսպանություն էին այցելել Եգիպտոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Գերապայծառ Տ․ Գրիգոր Օգոստինոս Գուսանը և համայնքի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։
Տ․ Գուսանը, դեսպան Փոլադյանին շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի համար, նրան փոխանցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոսի կողմից դեսպան Փոլադյանին շնորհված «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Դեսպան Փոլադյանն, իր հերթին շնորհակալություն հայտնեց Գերապայծառ Հորը և Հայ Կաթողիկե համայնքին՝ Կահիրեում ՀՀ դեսպանությանը, ինչպես նաև իր ընտանիքին այս տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և արդյունավետ համագործակցության համար։
Նույն օրը երեկոյան Կահիրեի Սուրբ Թերեզ եկեղեցու ընդունելությունների սրահում տեղի ունեցավ հրաժեշտի ընթրիք։