Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։
Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին (INL)՝ ընդգծելով համատեղ մեկնարկած հակակոռուպցիոն ոլորտի նոր ծրագրի կարևորությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու տեսանկյունից՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է վերջին տարիներին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, սահմանադրական և ինքնավար մարմինների գործունեության փոփոխությունները։
Փոխնախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է հանցավորության դեմ պայքարը՝ հաշվի առնելով հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացասական հետևանքներն ու ազդեցությունը տնտեսության կայուն զարգացման վրա։ Այս առումով Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները՝ նախարարության արդյունավետության և հանցավորության դեմ պայքարի խթանման ուղղությամբ, ԱՄՆ աջակցությամբ մարդկային ռեսուրսների կառավարման փոփոխություններին միտված նոր նախաձեռնությունները։
Արփինե Սարգսյանը շեշտադրել է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում բավական հաջող փորձառությունը և հույս հայտնել, որ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ կընդունվի օրենսդրական փաթեթ, որը կնպաստի և՛ հանցավորության դեմ պայքարի բարելավմանը, և՛ ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը։
Նա վերահաստատել է ՆԳ նախարարության պատրաստակամությունը` շարունակելու գործընկերությունը և համատեղ նախանշելու այնպիսի լուծումներ, որոնց նպատակը առկա ձեռքբերումների ամրապնդումն է և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում լրացուցիչ կարիքների վերհանումն ու հասցեագրումը։
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը նշել է, որ կոռուպցիան խաթարում է հասարակական կայունությունը, առաջացնում տնտեսական և սոցիալական բացասական հետևանքներ։ «Մենք կիսում ենք դրա դեմ պայքարում ՀՀ Կառավարության հանձնառությունը, միաժամանակ բարձր ենք գնահատում այս ոլորտում ՆԳ նախարարության ջանքերը», – ասել է նա։
Դեյվիդ Ալենն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա կոռուպցիայի դեմ պայքարում գրանցել նոր արդյունքներ։
Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդի խոսքով՝ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, և աշխարհում համախառն ներքին արդյունքի 2-ից 4 տոկոսն անցնում են փողերի լվացման սխեմաներով։ «Փողերի լվացման դեմ պայքարում Հայաստանն աննախադեպ առաջընթաց ունի և այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ գրանցելու Ձեր պատրաստակամությունը»,- ասել է Նիկոլաս Մենսֆիլդը։
Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քրիստինա Աֆոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Կառավարությանը և ՆԳ նախարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրի շրջանակներում հավաքագրված կարիքների հասցեագրմանը։
Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի իրավական հարցերով փորձագետ Տաթև Սուջյանն անդրադարձել է փողերի լվացման դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։