Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն՝ լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման նպատակները, ինչպես նաև պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մասնավորապես, օրենքը լրացվում է նոր հոդվածով, ըստ որի՝ գրադարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաև իրենց գործառնական նշանակությամբ:
Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում և վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում և այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: