Սեպտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրենների խորհրդի նախագահ, «Ակբա բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Նախարարը նախ շնորհավորել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթին» Հայաստանում արդեն 10 տարի գործելու և կուտակային կենսաթոշակային ֆոնդերը բարեհաջող կառավարելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ընթացք հետագա գործունեության մեջ։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես մշակույթի զարգացմանը, ֆինանսական շուկաների արդյունավետության ավելացմանը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի էվոլյուցիային և կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությանը։
Երկուստեք կարևորվել են քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը, որոնք էականորեն կնպաստեն ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։
Նախարարին ներկայացվել են նաև ընկերության հետագա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները։