ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվող վերապատրասումների հետ կապված խնդիրները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ու ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Առարկայական վերապատրաստումների գործընթացն այս տարվանից մեկտեղվել է կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստման գործընթացի հետ:
Մատնանշելով մի քանի կարևոր խնդիրներ՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է մեկ ուսուցչի կողից միևնույն մոդուլով վերապատրաստող տարբեր կազմակերպություններում գրանցման, վերապատրաստումների կազմակերպման խնդիրներին և այլ հարցերի: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է ուսուցիչների ինքնավարությունն ու ազատ կամքի արտահայտման հնարավորությունը, ինչը պետք է բացառի կազմակերպությունների ուղղորդված ընտրությունը:
«Ուսուցիչը պետք է վերապատրաստվի այն կազմակերպությունում, որտեղ ինքը ցանկանում է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Անդրադարձ է կատարվել նաև հայտորոշիչ գնահատման մոտեցմանը. ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ինչ-որ փուլում դիտարկվում է նաև միասնական հայտորոշիչ թեստի մշակման հնարավորությունը: Այժմ դիտարկվում են հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ուսուցիչներն անպայման ընդգրկվեն իրենց մասնագիտական կարողությանն իրապես համապատասխանող մակարդակում և ըստ այդմ՝ նաև ստանան արդյունավետ վերապատրաստման ծրագիր:
«Կարծում եմ՝ հաջորդ տարվա համար գնահատման գործիքը վերանայելու անհրաժեշտություն ենք ունենալու՝ հաշվի առնելով ի հայտ եկած խնդիրները: Կարևոր է նաև, որ ուսուցիչներն ինքնագնահատումը կատարեն օբյեկտիվորեն՝ ազատ և անկաշկանդ ներկայացնելով իրենց կարիքները, որը թույլ կտա ձևավորել առավել հասցեական խմբեր արդյունավետ վերապատրաստումների առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ այս հարցում նախարարությունը կարևորում է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև վերապատրաստող կազմակերպությունների մասնագիտական դիտարկումներն ու առաջարկությունները:
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ հոկտեմբերին ուսուցիչներն արդեն ԿՏԱԿ-ի կողմից գործարկված համակարգի միջոցով կկարողանան ընտրել, թե որ կազմակերպությունում են ցանկանում անցնել վերապատրաստման այս կամ այն մոդուլը:
«Համակարգն այլևս հնարավորություն չի տալու ընտրել մի քանի կազմակերպություն՝ միևնույն մոդուլի համար: Ուսուցիչն ու տնօրենն էլ իրենց անձնական էջերում հստակ տեսնելու են, թե որ ուսուցիչը որտեղ է անցնելու վերապատրաստում»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ ԿՏԱԿ-ի կողմից համակարգը գործարկվելու է հոկտեմբերին:
Անդրադառնալով վերապատրաստումների կազմակերպման ժամերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոչ է արել վերանայել դրանք՝ հաշվի առնելով վերապատրաստվող ուսուցիչների ցանկությունը՝ սահմանելով նրանց հարմար ժամանակացույց:
Հանդիպմանը քննարկվել են նաև վերապատրաստումների անցկացման վերաբերյալ կազմակերպական և տեխնիկական բնույթի տարբեր հարցեր: