ՊԵԿ-ը արդեն հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ չեն, նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, համաձայն որի՝ այն, ինչ ՊԵԿ-ը կիրառում է պրակտիկայում, նաև կձևակերպվի որոշման նախագծի տեսքով:
ԲՏԱ նախարարը մանրամասնեց. «ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննությունը նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկվա՞ծ է, թե՞ չէ: Ըստ որում՝ փորձաքննության ենթարկող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումը իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր, մասնավորապես՝ եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, համապատասխան վճարումները կարող են հասնել ընդհուպ 60 հազար դրամի:
Հաշվի առնելով այս հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ: Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Սահմանված օրենքով ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը, և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը»,- ասաց նախարարը և հավելեց՝ նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է:
ՊԵԿ նախագահը խոսեց որոշման արդյունքում վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատման մասին: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ արդեն շուրջ 1,5 տարի է՝ պրակտիկայում կիրառվում է այն, ինչ հիմա փորձ է արվում օրենսդրական տեսք տալ, ապա ներկայացրեց նաև 2024 թվականի ապրիլից սեպտեմբեր վիճակագրությունը:
«Ստացել ենք 5449 հայտ 30786 ապրանքի մասով: Այս բոլոր դեպքերում՝ ընդամենը չնչին, ռազմականի դեպքում՝ 14 տոկոսը, երկակիի դեպքում 30 տոկոսն ենք ուղարկել հավելյալ փորձաքննության: Մնացած դեպքերի համար մենք բիզնեսին ազատել ենք 2-3 աշխատանքային օրից և 12 կամ 60 հազար դրամ գանձվող գումարը վճարելուց: Ընդհանուր ապրիլից սեպտեմբեր խնայել ենք 2-4 աշխատանքային օր և 82 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցչ ծախս: Նաև հրապարակել ենք ՊԵԿ կայքում ցանկ 57,319 ռազմական և 12,882 երկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների մասով»,- ասաց նա և հորդորեց նայել ՊԵԿ կայքը և իմանալ, որ ցանկում տեղ գտած ապրանքատեսակների մասով լրացուցիչ ռեսուրս և ժամանակ ծախսելու կարիք չկա, և կարող են անցնել մաքսազերծման հաջորդ փուլերին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այս մասով կամայականության հնարավորությունները մեծ են, քանի որ ցանկացած կենցաղային իր կարող է դիտվել երկակի նշանակության ապրանք:
«Չեմ ուզում սա ասել այն տեսանկյունից, որ դա չարաշահումների տեղիք կտա, բայց սա օբյեկտիվ պրոբլեմ է դառնում այլևս, և այդ իմաստով որոշումների կայացման կարգը… կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ հարցին»,- ասաց փոխվարչապետը:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ԱԺ-ում ևս կքննարկվի հարցը, և եթե ռադիկալ փոփոխություններ չլինեն, ապա նախատեսված է, որ 2025 թվականի հուլիսի 1-ով գործի որոշման նախագիծը, այն է՝ շտկումների ժամանակ կա: