ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գիվի Շահնազարը ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժանմունքը: Ուսումնառությունից հետո աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում՝ որպես խմբագիր։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992 թվականից եղել է Հանրային խորհրդի անդամ, 1997 թվականից՝ Վրաստանի պետական գրասենյակում ազգամիջյան հարաբերությունների ռեֆերենտ։
Թարգմանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1950-ականներից՝ վրացերեն թարգմանելով Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց գործերը: Շահնազարի թարգմանություններն իր ընթերցմամբ պահվում են Վրաստանի հանրային հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։
Վրաստանի «Պատվո նշանի» շքանշանակիր է, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր: 2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2015 թվականից Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է: