Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է իր «հաղթանակի ծրագրի» մանրամասները, որում նա ասել է, որ Ռուսաստանին պետք է «պարտադրել» խաղաղություն՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
Զելենսկին Ուկրաինայում պատերազմն անվանել է «խելագարություն» և նշել, որ հասանելի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը նախատեսում է հարձակվել Ուկրաինայի երեք ատոմակայանի վրա։
Նա ավելի վաղ ասել էր, որ իր «հաղթանակի ծրագիրը» կդառնա Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղ բանակցությունների «սկիզբն ու հիմքը», քանի որ այն կսահմանի այն պայմանները, որոնց շուրջ Ուկրաինան պատրաստ է բանակցել: Նրա համոզմամբ՝ «Պատերազմի ավարտի ճանապարհն անցնում է «խաղաղության բանաձևի միջով»:
Կրեմլն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Ուկրաինայի իշխանությունների այն համոզմունքը, որ Ռուսաստանին պետք է «խաղաղություն պարտադրել», ճակատագրական սխալ է: Անհնար է Ռուսաստանին պարտադրել խաղաղություն՝ առանց իր նպատակներին հասնելու»: