Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
Նախքան Բայդենի հետ բանակցությունները, նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Գերմանիա այցի ժամանակ գերմանական կառավարությունը նախատեսում է երկիր հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ անցկացնելու չորս երկրի ղեկավարների հանդիպում։
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները հիմնականում նվիրված են լինելու Ուկրաինային աջակցության հարցերին։