Դոնեցկի մարզի հարավում գտնվող Ուգլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից, և այն արդեն կիսաշրջափակման մեջ է հայտնվել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, հաղորդում է BBC-ն։
Ռազմական փորձագետները նշել են, որ «Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում ու հարավում։ Նրանք շատ ձգված են: Իսկ բանակի կազմավորման 14 նոր բրիգադ ժամանակակից տեխնիկայի սուր պակաս է զգում»:
Ուգլեդարը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն գտնվում է բլրի վրա և միավորում է Դոնեցկի մարզի արևելյան և Զապորոժիեի հարավային ճակատները:
Քաղաքից 18 կմ դեպի արևելք կան երկաթուղային ճանապարհներ, որոնցով ռուսական բանակը կարող է զորքեր և տեխնիկա տեղափոխել Դոնեցկ-Վոլնովախա գծով, այնուհետև՝ ավելի հարավ:
Ըստ փորձագետների՝ քանի դեռ Ուգլեդարը մնում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, նրանց հրետանին ի վիճակի է թիրախային հարձակումներ իրականացնել այս կարևոր մայրուղու վրա։