Greenpeace բնապահպանական կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ շարունակ հում նավթ է առաքել անմիջապես եվրոպական նավահանգիստներ՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Այդ մասին են վկայում GPS արբանյակային համակարգի տվյալները՝ ըստ Greenpeace-ի հետաքննության, որը ձեռք է բերել DW-ն:
Հետաքննության տվյալով՝ այդ փոխադրումներում հիմնականում ներգրավված են հունական բեռնափոխադրող ընկերությունների նավեր, որոնց մի մասը դասվում է այսպես կոչված ռուսական «ստվերային նավատորմի» շարքին՝ լցանավեր, որոնց կասկածում են պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու համար:
2024 թվականի հուլիսին, արբանյակային տվյալներով, մոտ 15 լցանավ նավարկել է ԵՄ-ի և Ռուսաստանի Պրիմորսկ և Բալթիկ ծովի Ուստ Լուգա նավահանգիստների, ինչպես նաև Նովոռոսիյսկ սևծովյան նավահանգիստների միջև: Այս լցանավերից յուրաքանչյուրը՝ մոտ 250 մետր երկարությամբ, կարող է տեղափոխել ավելի քան 150 միլիոն լիտր հում նավթ։
Ըստ Greenpeace-ի՝ ռուսական հում նավթի ներմուծումը խախտում է ԵՄ գործող պատժամիջոցները։ ՌԴ-ից հում նավթի ծովային փոխադրումն արգելված է 2023 թվականի մարտից։ Բացի այդ, ըստ Greenpeace-ի, ռուսական նավթն արտահանվում է վատ վիճակում գտնվող հնացած լցանավերով, ինչն էլ սպառնում է Բալթիկ ծովի գերմանական ափին։