Այս այցը վառ ապացույց է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության, որոնք առկա են երկու երկրների՝ Կիպրոսի և Հայաստանի միջև: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
«Մեր երկրները ունեն հարուստ պատմություն և կիսում են այդ պատմությունով ընդհանուր մշակութային ժառանգությունը, խոր գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարեն և որոնց պետք է դիմակայեն փոքր պետությունները, որոնք վճռական են՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում դրա գագաթնակետն է և հաստատումն է մեր երկրների միջև առկա բարձր համագործակցության»,- նշեց Վասիլիս Պալմասը:
Նա ընդգծեց, որ երկու երկրները՝ Կիպրոսը և Հայաստանը, տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում: «Մեր համագործակցությունը ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը: Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ ավելի է ամրապնդվել, բայց միևնույն ժամանակ զարգացել են փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը. գերազանց են մեր հարաբերությունները:
Անշուշտ, կա ներուժ է՛լ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը և հարաբերությունները, ինչպես, օրինակ՝ ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը՝ բացահայտելու պաշտպանական, տեխնոլոգիայի ոլորտներում համագործակցության ձևաչափը, ինչպես նաև կրթական հաստատությունների պաշտպանական ոլորտի համագործակցության ընդլայնման ձևաչափը»,- ասաց Կիպրոսի պաշտպանության նախարարը: