Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության ծրագրում։ Մեր համագործակցության խորացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և մենք շարունակում ենք աշխատանքները կոնկրետ մեխանիզմների կիրառման միջոցով այն խորացնելու ուղղությամբ»։
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող վերջին զարգացումները։