Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Նախարար Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները։