ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: