Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը:
ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները միջգերատեսչական մակարդակում:
Քուվեյթի Պետության թագաժառանգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը և հայտնել իր երկրի աջակցությունն այդ գործընթացին:
Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: