Սեպտեմբերի 25-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման և հաղորդակցման մասնագետ Դորիս Մուրոն Կլոֆենստեյնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության և համակարգման պատասխանատու Արևիկ Անափիոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել բազմամյա սերտ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառում շարունակաբար ցուցաբերած օժանդակության համար:
Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր հնարավոր ուղղությունները՝ Կամո
Ցուցուլյանը կարևորել է ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ քաղաքային որոնողափրկարարական թիմի գործունեությունը և շեշտել, որ 2027 թվականին միջազգային որակավորման քննությունները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է նորովի շարունակել ոլորտային մասնագիտական խորհրդատվական աջակցության տրամադրումը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դորիս Կլոֆենստեյնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանի մշակման, վերջինիս շրջանակներում՝ աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների թիմերի ֆունկցիոնալության վերագնահատման ու վերահաստատման ոլորտներում: Նա նաև գոհունակություն է հայտնել Փրկարար ծառայության պատրաստակամության, օպերատիվ արձագանքման և թիմային աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, տեղեկատվության կառավարման, վաղ ազդարարման, հանրային իրազեկման և ազդարարման համակարգերի գործարկման ու արագ արձագանքման կազմակերպման, համատեղ վարժանքների անցկացման հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը և ընդգծել համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ։