ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Ֆրանսիայի հետ տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
«Մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որ շարունակաբար զգում ենք բոլոր կարևոր նախաձեռնություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել համատեղ իրականացված ծրագրերին, այդ թվում՝ ԿԳՄՍՆ աջակցությամբ Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում այս տարեսկզբին տեղի ունեցած «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղին, որով տրվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը:
Նախարարի ընդգծմամբ` ակտիվ համագործակցությունն ու միասին գրանցած հաջողությունները նաև նոր ծրագրերի մեկնարկ կարող են դառնալ:
Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այս համատեքստում նա բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի հայ համայնքի դերակատարությունն ու կարևոր նեդրումը քաղաքի զարգացման գործում:
Լորանս Ֆոթրան տեղեկացրել է՝ Հայաստան են ժամանել, մասնավորապես, Ստեփանավան այցի և այդ քաղաքի հետ կրթության, մշակույթի և այլ ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ստեփանավանն ու Լիոնը երկար տարիներ քույր քաղաքների կարգավիճակ ունեն: Դեսինի քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի մարտին Դեսինում մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու՝ նվիրված հայ համայնքի ձևավորման 100-ամյակին:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցությունը՝ մասնավորապես շեշտելով մշակույթի ոլորտում նախանշվող նոր ծրագրերը, որոնք նախատեսված են կինոյի, թատրոնի, անիմացիայի, երաժշտության ու այլ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել տարբեր ուղղություններով համագործակցությունը: